«Փաստ» օրաթերթը գրում է.
Ամբողջ աշխարհում ընդունված է, որ սպորտը, խոշոր մրցաշարերը լավ հնարավորություն են ցանկացած երկրի հեղինակության համար, և բնական է, որ մարզական նվաճումների հասնելու համար շատ երկրներ լուրջ ծախսեր են անում:
Երեկ Երևանում մեկնարկել է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը դեռ նախքան մեկնարկը հայտնվեց սկանդալային ուշադրության կենտրոնում, ըստ որում՝ առաջնությունը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի հետ կապված:
Պատճառը մի շարք ըմբիշների տարածած հայտարարությունն ու տարակուսանքն էր առ այն, որ չնայած իրենք նպատակային պատրաստվել են այս մրցաշարին, սակայն դրա մեկնարկից բառացիորեն օրեր առաջ տեղեկացել են, որ իրենք չեն ներկայացնելու Հայաստանը:
Սոցցանցերն ու մամուլը հեղեղվեցին այս մասին հրապարակումներով, մեկնաբանություններով, ենթադրություններով: Բանն այնտեղ հասավ, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, որը նույնպես հայտնվել էր սոցցանցային քննադատության թիրախում, ստիպված եղավ պաշտոնապես հայտարարել, որ իրենք կապ չունեն Երևանում մեկնարկող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության մասնակից կազմի հետ: Այդպես էլ ընդգծել են՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) որևէ առնչություն չունի Բանակայինների աշխարհի առաջնության կազմակերպման, անցկացման և հավաքականի կազմի ընտրության հետ: Այս հարցերն ամբողջությամբ գտնվել և գտնվում են տվյալ երկրի ռազմական կառույցների իրավասության ներքո: Ֆեդերացիան նշում է, որ իրենց համար էլ է ցավալի, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել այս մրցաշարում:
Իսկ երկրի «ռազմական կառույցը», ինչպես հասկանալի է, պաշտպանության նախարարությունն է: Բնականաբար, հարց է ծագում, թե ՊՆ-ն ինչից ելնելով է նախապատրաստված և ավելի ուժեղ համարվող ըմբիշներին դուրս թողել ու թիմը կազմել այլ ըմբիշներից: Մենք, իհարկե, լիահույս ենք, որ Հայաստանն ու երկրի բանակը ներկայացնող ըմբիշներն ամեն դեպքում անմնացորդ կպայքարեն ու կհասնեն հաջողության: Կարծում ենք՝ թե՛ մարզիկները, թե՛ մարզիչները ամեն ինչ կանեն՝ բացճակատ կանգնելու համար: Բայց հարցեր, անկասկած, մնում են: Ու ոչ թե ըմբիշներին, ոչ թե հավաքականին ուղղված, այլ կազմակերպիչներին ու պատասխանատուներին՝ ՊՆ, ԿԳՄՍՆ:
Առաջինն ու հիմնականը նաև սոցցանցերում տիրապետող կարծիքն է, որ Հայաստանի ՊՆ-ն ամեն ինչ արել է, որպեսզի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից ոչ հեռու, որքան հնարավոր է՝ հաճախ հաղթեն Թուրքիայի ներկայացուցիչներն ու հաճախ հնչի այդ պետության հիմնը: Իսկ ուրիշ ի՞նչ է մնում ենթադրել, մանավանդ նման իշխանությունների պայմաններում: Հուսանք, սակայն, նպատակներին չեն հասնի, և մեր հավաքականը լուրջ արդյունքներ ցույց կտա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում