Շուրջ 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ 5 անձ կալանավորվել է (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության հերթական դեպքը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«2024 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչն ԻԻՀ քաղաքացուց ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, որը տեղադրել է Արարատի մարզում գտնվող տարբեր թաքստոցներում։

Մասնավորապես, ԻԻՀ քաղաքացին բջջային հավելվածի միջոցով կապ է հաստատել տարիներ շարունակ այլ անձի պատկանող բեռնատար ավտոմեքենայով ԻԻՀ-ից Հայաստան շինարարական ապրանքների տեղափոխմամբ զբաղվող՝ Սիսիան քաղաքի վերոհիշյալ բնակչի հետ՝ վերջինիս առաջարկելով գումարի դիմաց թմրամիջոցների խմբաքանակ տեղափոխել Հայաստան։ Հիշյալ անձը, տեղյակ լինելով, որ տեղափոխման ենթակա փաթեթներում թմրամիջոցներ են, համաձայնել է առաջարկին։ Ապա ԻԻՀ հիշյալ քաղաքացին նրան հայտնել է Մեղրի քաղաքին հարակից տարածքում թմրամիջոցների գտնվելու վայրի մասին՝ միաժամանակ հրահանգելով, որ դրանք պետք է տեղադրվեն իր կողմից մատնանշված թաքստոցներում, որոնք պետք է լուսանկարվեն և ուղարկվեն իրեն:

Սիսիան քաղաքի բնակիչը մատնանշված տեղանքից վերցրել է ապօրինի ձեռք բերված թմրամիջոցը, ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ Արարատի մարզ և տեղադրել Մեղրի-Երևան միջպետական ավտոճանապարհի՝ Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրից մինչև Երասխ ընկած հատվածի տարբեր թաքստոցներում։ Տեղադրելուց հետո դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և լուսանկարները բջջային տարբեր հավելվածների միջոցով փոխանցել է ԻԻՀ քաղաքացուն, ով, իր հերթին, դրանք փոխանցել է ՀՀ այլ քաղաքացիների, որոնք պետք է թաքստոցներից ձեռք բերեին թմրամիջոցները։

Նույն օրը Սիսիան քաղաքի հիշյալ բնակիչը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչների և ԱԱԾ աշխատակիցների համակարգված գործողությունների արդյունքում, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է նշված թմրամիջոցը թաքստոցներից ձեռք բերելու փորձ կատարող 7 անձ:

Կատարվել են անձնական, բնակարանների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև թվային խուզարկություններ։ Դրանց, ինչպես նաև քննչական խմբի կողմից իրականացված քննչական գործողության արդյունքում թաքստոցներում հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 10կգ քաշով տարբեր տիպի թմրամիջոցների նմանվող զանգվածներով, տարբեր չափերի 9 փաթեթ։

Հայտնաբերված զանգվածը, փորձագիտական նախնական եզրակացության համաձայն, եղել է «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ձերբակալվածներից Սիսիան քաղաքի բնակչին, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը), իսկ մյուս 7 անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությանն օժանդակելու փորձը):

Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան են ներկայացվել բոլոր 8 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություններ։ Դատարանի որոշմամբ՝ 5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 2 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, թմրամիջոցի ձեռքբերման հստակ աղբյուրները և մաքսանենգության հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am