«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանրապետության տարբեր համայնքներում առաջիկայում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և քաղաքական ուժերն արդեն ակտիվորեն մտնում են ընտրական փուլ: Դրանց թվում առանձնահատուկ ուշադրություն է գրավում Արարատի մարզի Մասիս համայնքը, որտեղ սպասվող պայքարը խոստանում է բավականին թեժ լինել:
«Փաստի» տեղեկություններով, նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որտեղ կայացված որոշման համաձայն, կուսակցությունը «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններին՝ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելով ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանին:
Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի վարչության նիստը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել հաստատել և ներկայացնել Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2026 թվականի դեկտեմբերի 13-ի ընտրություններին «Կառուցող» կուսակցությունների դաշինքում ընդգրկված «Իմ հզոր համայնք» կուսակցության ընտրական ցուցակը, ինչպես նաև հաստատել և առաջադրել դաշինքի ընդհանուր ընտրական ցուցակը:
Հավելենք, որ Դավիթ Համբարձումյանը նախկինում ևս հաղթել է Մասիսի ընտրություններում, համայնքում մեծ հեղինակություն ունի և համարվում է այս ընտրությունների ֆավորիտը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
