«Ամբողջ իշխանությունից շուտ ձերբազատվելու խնդիր ունենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է
Ազատ գյուղում գտնվող կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհը մեծ ողբերգություն է, բայց այն մեծ ողբերգության շարունակության մի հատվածն է, որ գալիս է դեռ 2018-ից՝ բանակի նկատմամբ իրականացվող ոտնձգություններից, բանակի փլուզմանն ուղղված գործընթացներից: Այս կարծիքին է «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: Նրա խոսքով, մեր պետությունը երկու հենասյուն ունի՝ իր անվտանգությունն ու հավատը՝ բանակն ու եկեղեցին:
«Առաջին հարվածը հասցրին եկեղեցուն, անմիջապես դրանից հետո բանակը ոչնչացնելու գործին լծվեցին: Բոլոր գործողությունները միտված են եղել բանակը վերջնական ոչնչացնելուն, զինվորի ոգին կոտրելուն այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Իսկ իրենք իրենց մեջ ոչինչ չունեն, առավել ևս՝ ո՛չ ազգայինն են կրում, ո՛չ էլ հայրենատեր են: Ոգին փորձում են կոտրել՝ հաշվի չառնելով մեր գենետիկան, ըստ որի, անկախ ամեն ինչից, հայ զինվորի, հայ մարդու ոգին չի կոտրվում: Բայց, փաստացի, մենք այսօր բանակի փլուզում ունենք: Հայրենադավները, ազգադավները շարունակում են բարեհաջող իրականացնել նշվածին ուղղված իրենց գործունեությունը: Այս պայմաններում, ընդհանուր առմամբ, շարունակվելու է ամբողջ երկրի կործանումը, հայ ազգի վերջնական ոչնչացումը, որը մեր թշնամի պետությունների հետ ձեռք ձեռքի տված աշխատում են իրագործել այս հայրենադավները»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Գևորգ Գևորգյանը:
Նրա դիտարկմամբ, այս ամենն արվում է մեկ նպատակով: «Այս գործողությունների նպատակը շարունակական զիջումներով մեր սրբազան հողերը թշնամուն տալն է, որի ճանապարհին, որպես «հիմնավորում», բանակի խնդիրներն են մատնանշում: Նորից շեղելու, մանիպուլացնելու համար մեղավորներ են նշանակում՝ հայտարարելով, թե նախկիններն են մեղավոր նման իրավիճակի համար, իսկ իրենց ներկայիս գործունեության մասին, բնականաբար, չեն խոսում: Իրենց նպատակը բանակն այնքան թուլացնելն է, որ ցույց տան, թե բանակն ի զորու չէ պաշտպանել մեր երկիրը: Ուզում են նաև ցույց տալ, թե բանակի վիճակը շատ ծանր է և, իբրև թե, պետք է պրոֆեսիոնալ բանակ ստեղծել: Բանակը կազմալուծելու գործընթացը պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու քողի տակ են իրականացնում: Զգայական դաշտի վրա են նաև աշխատում՝ փորձելով հասնել մի վիճակի, որ ծնողը չցանկանա իր երեխային բանակ ուղարկել: Իրականում ոչ մի ծնող չի ցանկանում իր երեխային սպանդանոց ուղարկել, որովհետև բանակը ոչ թե սպանդանոց, այլ արժանապատվության ու հաղթանակի տեղ պետք է լինի: Բայց ամեն ինչ անում են, որ հասարակության մոտ բանակը հենց որպես սպանդանոց ընկալվի»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս գործողությունները ևս ավելի լայն նպատակ են հետապնդում: