Արցախ չի մատակարարվում սնունդ, դեղորայք, վառելիք, Արցախի բնակիչները նույնիսկ զրկված են մահացած իրենց հարազատին Արցախ տեղափոխելու հնարավորությունից․ Ազարյանը դիմել է միջազգային գործընկերներին

Դատավորների միության նախագահ, նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որն առնչվում է Լաչինի միջանցքին։ Հայտարարությունն ուղղված է Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական Հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով), ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին, Աերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին, Դատավորների միջազգային միությանը, Իրավաբանների միջազգային հանձնաժողովին, Դատավորների եվրոպական միությանը և Դատական համակարգի համար գործող եվրոպական խորհուրդների միությանը․ «2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրով, Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ պետք է կապեր միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որն արդեն 34 օր փակ է:
Ադրբեջանական իշխանությունները, խախտելով եռակողմ համաձայնագրի դրույթները, ավելի քան 120 000 բնակչությանը զրկել են կենսաապահովման տարրական միջոցներից և պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից:
Մեկ ամսից ավելի Արցախի Հանրապետություն չի մատակարարվում սնունդ, դեղորայք, վառելիք։ Արգելափակումը թույլ չի տալիս արցախցիներին տեղաշարժվել. hազարավոր մարդիկ արգելափակված են և չեն կարողանում հասնել իրենց տները, այդ թվում՝ երեխաներ, որոնք դպրոցական ճամփորդության էին մեկնել Հայաստան: Արցախի բնակիչները նույնիսկ զրկված են Հայաստանում մահացած իրենց հարազատին Արցախ տեղափոխելու և հուղարկավորել հնարավորությունից:
Վերը թվարկվածներից բացի, պարբերաբար խնդիրներ են առաջանում դեպի Արցախ գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման, ինչպես նաև՝ ինտերնետ հասանելիության հետ:
21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ, լռության և անգործության ներքո կատարվում է Արցախի բնակչության էթնիկ զտում:
Հակիրճ նկարագրելով Արցախում տեղի ունեցող և օրըստօրե վատթարացող իրավիճակը՝ խնդրում եմ Ձեր աջակցությունը, որպես հեղինակավոր կառույցների, բարձր հարթակներում խնդիրը լսելի դարձնել, հնարավոր բոլոր գործիքակազմերն օգտագործել՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու հարցում»: