Արդարադատություն իրականացնող մարմնի դիմաց՝ անարդարություն. ովքե՞ր են ապօրինի կառուցապատողները (ֆոտոշարք/տեսանյութ)

ՀՀ վարչական դատարանի շենքից մոտ տաս քայլ հեռավորության վրա գրեթե ամբողջությամբ վերացրել են կանաչ տարածքն ու պաստառապատել Երեւանի քաղաքապետարանի տարբերանշանը պատկերող պաստառով: Հասկանալու համար թե ինչ շինություն է վեր խոյանալու այդ խիստ անհարմար վայրում Weeklynews.am լրագրողը փորձեց պարզել՝ գնալով նշված տարածք:
Կիսաքանդ տարածքում հավաքված էին Երեւանի քաղաքապետարանի աշխատողները, ովքեր չցանկանալով նշել անուն ազգանուն պարզապես ասացին, որ տարածքն ունի սեփականատեր, սակայն քաղաքապետարանը շինարարության թույլտվություն չի տվել: Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի տարբերանշանը պատկերող պաստառին, ապա ըստ նրանց խոսքի, քաղաքապետարանը սեփականատիրոջը պաստառ չի տրամադրել:
Նշենք, որ երկար շրջելով նշված վայրում այդպես էլ չհանդիպեցինք կառուցապատողի կողմից փակցված ցուցատախտակ, որի վրա պետք է պատկերված լիներ կառուցվող շինությունը, դրա փոխարեն հանդիպեցինք փաստաբանի, ով խիստ գաղտնի պահելով իր անուն ազգանունը (Գուրգեն Մալխասյան,- տեղեկությունը advocates.am կայքից) խուսանավեց մեր կողմից հնչեցվող հարցերին հստակ պատասխաններ տալուց: Վերջինս հավանաբար հարակից տարածքում գտնվող ոստիկանական բաժանմունքից էր շտապել, հասկանալու համար, թե ինչ նոր զարգացումներ են տեղի ունենում: Ի դեպ, ոստիկանության Շենգավիթի բաժնում էին գտնվում շինարար-բանվորները, որոնք ըստ մեր տեղեկությունների արդարադատություն իրականացնող կառույցի դիմաց անկաշկանդ շինարարական աշխատանքներ են սկսել՝ ունենալով մերձիշխանական հովանավորյալ, որի մասին մանրամասն տեղեկություններ կտրամադրենք մեր ընթերցողներին հաջորդ հրապարակումներում:
Թե ո՞վ տարածքի սեփականատերը եւ արդյո՞ք ստացել է շինթույլտվություն Weeklynews.am-ը փորձեց ճշտել Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից, սակայն զանգը մնաց անպատասխան:
Տեղեկացնենք, որ այս պահին ապօրինի շինության աշխատանքները դադարեցված են:





