«Նաիրի Ինշուրնասը» հրաժարվում է կատարել իր պարտականությունները՝ մատնացույց անելով երկրում տիրող իրավիճակը

Մարդկային էվոլյուցիային զուգահեռ ստեղծվել են ժամանակին համապատասխան հարմարավետություններ, օրինակ՝ Ա կետից Բ կետ տեղափոխվելու համար էշերը փոխարինվել են ձիերով, ձիերը՝ ֆայտոններով, ֆայտոնները՝ մեքենաներով, ինքնաթիռներով եւ այլն.. թերեւս կանգ առնենք մեքենաների վրա:
21-րդ դարում ամեն արտադրող ընկերություն արդեն իսկ ունի ինչպես իր դիրքն, այնպես էլ որակային արժեքը մեքենաների շուկայում: Որքան ամուր, շքեղ ու հարմարավետ է մեքենան, այնքան բարձր է դրա արժեքը: Սակայն հայաստանյան իրականության մեջ բարձրակարգ եւ առհասարակ մեքենան գլխացավանք է, պատճառը ոչ միայն կարկատան արված ու քայքայված ասֆալտներն ու հսկայական փոսերն են, այլեւ ապահովագրական ընկերությունները:
Պարզվում է, հայաստանյան ապահովագրական ընկերությունները, ովքեր ձեռքից ձեռք են խլում մեկը մյուսի հաճախորդներին մի գեղեցիկ օր տուժող կողմին կարող են կանգնեցնել փաստի առաջ՝ հրաժարվելով կատարել իրենց իսկ պարտականությունները:
Ստորեւ կցված փաստաթղթերը վառ վկայությունն են այն ամենի, որ «Նաիրի Ինշուրնաս» ընկերությունն առանց պատշաճ իրավական հիմնավորման հրաժարվում է քաղաքացուն մատուցել իր ծառայությունները, ո՛չ ավել, ո՛չ պակաս պատճառաբանելով երկրում տիրող իրավիճակը: Եթե նման հիմնավորում կամ պատճառաբանություն ներկայացներ մի կառույց, որը անմիջական կամ ուղիղ կապ ունի քաղաքական զարգացումների հետ, ապա այն ինչ-որ տեղ կարելի էր ընկալել, սակայն երբ նման գործելաոճ է որդեգրում ապահովագրական ընկերությունը դա արդեն զավեշտի ու մառազմի ժանրից է: Հետաքրքրական է ու փաստ, որ իր վերջին գրության՝ դիմումի մերժման մեջ, ապահովագրական ընկերությունը այդպես էլ չի բացատրել, թե ինչ նկատի ունի երկրում ստեղծված իրավիճակ ասվածի տակ՝ պարենային գների բարձրացո՞ւմ, էլեկտրաէներգիայի թանկացո՞ւմ, բենզինի գնա՞ճ, կորոնավի՞րուս, թե՞ ընդդիմություն իշխանություն հակադրությունը: Նման անլուրջ գործելաոճը թույլ է տալիս ենթադրել, որ տվյալ ընկերությունը որդեգրել է հստակ քաղաքականություն՝ ցածր գներով փոխհատուցում, բողոքարկման դեպքում էլ պարտականություններից անհիմն հրաժարում:
Հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ մերժման պատասխաններից մեկում (17․02․2021թ-ի) որպես պարտականությունները կտրականապես չկատարելու հիմք են նշել երկրում ստեղծված արտակարգ ու ռազմական դրության պայմանները, որոնցից ելնելով ավտոմեքենային պատճառված վնասի վերականգնումը ընկերության հետ համագործակցող վերանորոգող կազմակերպությունների կողմից ապահովել հնարավոր չէ։
Պատկերացնում եք չէ՞, որ տվյալ ապահովագրական ընկերությունում, անգամ տեղյակ չեն, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը վաղուց է հանվել, իսկ ռազմական դրության որեւէ նորմ չի ստեղծել կոլապսային այնպիսի իրավիճակ, որ մեքենա սարքելն այլեւս անհնարին լինի կամ հավասարեցված լինի ասենք թե Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը եւ կամ այլ նմանօրինակ գործողությունների։
Ստացվում է, որ տվյալ ընկերությունը անգամ չի նշել ժամանակահատված, որից հետո նա պատրաստակամ կլինի ծառայություն մատուցել։
Թե ինչո՞ւ է «Նաիրի Ինշուրնասը» որդեգրել նման գործելաոճ, չենք կարող ասել, միգուցե նա այլեւս չունի՞ իրենց հետ համագործակցող ընկերությունների մոտ հեղինակություն ու վստահություն, որ ցանկություն լինի աշխատել տվյալ ընկերության հետ․․․ո՞վ գիտի․․
Ահա, այսպիսին է «Նաիրի Ինշուրնասը» այսօրվա իրականությունում...հետեւությունները թողնում ենք ընթերցողներին եւ, իհարկե, վարորդներին:
Անահիտ Խաչատրյան

