Լրագրողները՝ նշանառության, իսկ մասնագիտական օրինական գործունեությունը սպառնալիքի տակ են

Այսօր հայկական լրագրությունն ապրում է իր ամենադժվար ու ամոթալի ժամանակաշրջանը: Ժամանակաշրջան, երբ լրագրողին կարող են սպառնալ, ձեռքից խլել աշխատանքային գործիքը, պատռել ու ոտնատակ տալ հարցադրման պաստառը եւ նմանատիպ այլ զավեշտալի դեպքեր ու այս ամենը այն պարագայում, երբ երկրիդ ղեկավարը նախկին լրագրող է:
Արդարության համար պետք է նշել, որ ժամանակին նմանօրինակ դեպքեր եւս գրանցվել են, սակայն «օրվա հերոսը» ամենատարբեր ձեւաչափերով արժանացել է պարսավանքի ու քննադատության անգամ իր մտերիմ ընկերներից ու գործընկերներից: Իսկ առանձին զրույցներում էլ ընդունել իր սխալը: Սակայն այսօր արդեն փոխվել է մարդկանց արժեհամակարգը, «ամբոխից դուրս թռած» ու տարատեսակ փափուկ աթոռներին հայտնված պաշտոնյաները փորձում են ինքնահաստատվել ո՛չ ավել, ո՛չ պակաս լրագրողների հաշվին: Օրերս ականատես եղանք, թե ինչպես է հայրենի խորհրդարանում խոչընդոտվում լրագրող Սյուզի Բադոյանի մասնագիտական գործունեությունը: Հատկանշական է այն հանգամանքը, որ ԶԼՄ ներկայացուցիչը թույլ չտալով լրագրողական էթիկայի որեւէ խախտում պարզապես փորձել է սպառել հանրությանը հետաքրքրող հարցերի շրջանակը: Սակայն տաքարյուն ու տարբեր սկանդալների կիզակետում մշտապես հայտնվող երիտասարդ պատգամավորը, կարծես կորցնելով իրեն, նախ քաշել է լրագրողի ձեռքից, ապա փրկության օղակ է դիտարկել միկրոֆոն խլելն ու իր աշխատասենյակում փակվելը: Ցավալին այն է, որ միկրոֆոնի վերադարձով օրենսդիր մարմնի ներկայացուցչի հետապնդումները լրագրողի նկատմամբ չեն դադարել: Սեփական վարքագիծը վերանայելու փոխարեն գործի են դրվել բոլոր լծակները լրագրողի մուտքը ԱԺ արգելելու համար: Ազգային ժողովի աշխատակազմը «քիթը խոթելով» տվյալ լրատվամիջոցի աշխատանքային գործունեության մեջ փորձում է թելադրել իր խաղի կանոնները, կարծես նախադեպ ստեղծելով իշխանավորների համար ոչ ցանկալի լրագրողներից ազատվելու մասով: Կայացված որոշումն, ինչ խոսք, խիստ վիճարկելի է ու ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ շատ ջուր է քաշելու:
Այս ամենը դեռ չմարսած, այսօր արդեն գրանցվեց լրագրողի մասնագիտական օրինական գործունեության հերթական խախտումը: Դեռ երեկ ԶՈՒ կազմավորման տոնին Եռաբլուրում, ի պատասխան լրագրող Լիա Սարսգսյանի այն հարցադրմանը, թե Դուք ասել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, դուք իրո՞ք պնդում եք, որ Շուշին հայկական չէ, Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր. «Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»: Փաստացի լրագրողը այնուեմանայնիվ փորձելով ճշտել ՀՀ վարչապետի տեսակետը Շուշիի հայկականության վերաբերյալ (նշեմ, որ պատմական հայկական տարածքի հայկականության հարցը կասկածի տակ դնելը բավական մեծ դժգոհություն ու բազմաթիվ հարցականներ էր առաջացրել հանրության տարատեսակ շերտերի մոտ) վարչապետի խոսքի մեջբերմամբ, պաստառով գնացել էր Կառավարության շենքի դիմաց: Սակայն, ինչպես եւ ակնկալվում էր, այս անգամ եւս կոպտագույն կերպով խախտվեցին լրագրողի իրավունքները: Անհասկանալի վարքագծով մի տիկին հարձակվելով պաստառի վրա՝ խլեց այն լրագրողի ձեռքից, պատռեց ու մի լավ ամոթանք տվեց նրան: Այս վարքագիծը, իհարկե, սպասելի էր, ավելին՝ սցենարի ավելի «հետաքրքիր» տարբերակ չէր էլ կարող հորինվել, այստեղ են ասել՝ ինչ երկրիդ պատգամավորը, ինչ ՝ քաղաքացիդ: Բայց, այնուամենայնիվ, ԶԼՄ ներկայացուցիչներին ճնշելու անհաջող փորձերից առաջ վատ չէր լինի հիշել, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, եւ ընդհանրապես կարեւոր չէ` պաշտոնյա ես, թե պարզապես ակցիայի մասնակից:
Ինչպես տեսնում ենք, լրագրողներն այսօր առավել քան խոցելի կարգավիճակում են, նրանք՝ նշանառության, իսկ մասնագիտական օրինական գործունեությունը սպառնալիքի տակ են:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ