Եթե այս վիճակը երկարի, տուրիզմի ոլորտի հետ առնչվող կազմակերպությունները կկանգնեն փակման և գործազրկության եզրին

WeeklyNews.am-ը զրուցել է «Elite Voyage» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Սյուզաննա Հակոբյանի հետ․
- Հաշվի առնելով աշխարհով մեկ տարածված էպիդեմիան, ասեք խնդրեմ՝ տուրիզմի ոլորտը այսօր ի՞նչ վնասներ է կրում։
- Այսօր ամենածանր իրավիճակում հայտնվել է տուրիստական ոլորտը, և դա սկսվել է շատ ավելի վաղ քան Հայաստանում հայտնաբերվեց կորոնավիրուսով վարակված առաջին դեպքը։ Դեռ փետրվարի կեսերից արդեն մարդիկ չեղարկում էին իրենց ճամփորդությունները կապված Եվրոպայում տիրող վիճակի և վախի հետ։ Իսկ հիմա վիճակը բնականաբար շատ ավելի խորացավ։ Բոլոր ամրագրումները մարտ, ապրիլ մայիս ամսիների համար չեղարկում ենք։ Մարդիկ չեն ցանկանում մեկնել, մի մասի չեղարկումն էլ տարբեր երկրների սահմանի փակման հետ է կապված։ Հունիս, հուլիս, օգոստոս ամսիների ամրագրումները դեռ չենք չեղարկել, սպասողական վիճակ է, իսկ նոր հարցումներ ընդհանրապես չկան։
- Փորձեք նկարագրել վիճակը ստատիստիկ տվյալներով։
Ներգնայի մասով, մենք աշխատում ենք Ասիական շուկաների, մասնավորապես՝ Հնդկաստանի հետ, ունեինք շուրջ 400 զբոսաշրջիկներ միայն ապրիլ, մայիս ամիսների համար, մի մասը 30 % արված կանխավճարներով, բայց, ցավոք, դրանք էլ ենք չեղարկում կամ լավագույն դեպքում համաձայնության գալով տեղափոխում ենք օգոստոս, սեպտեմբեր ամիսներին՝ հուսալով, որ ամեն ինչ կկարգավորվի ։
- Իսկ տուրիստական ընկերությունների աշխատանքային պրոցեսի մասին ի՞նչ կասեք։
- Այս պահին «Elite Voyage» տուրիստական կազմակերպության բոլոր աշխատակիցները աշխատում են տանից, եթե, իհարկե, նախկինում վաճառված ավիատոմսերի կամ փաթեթների հետ կապված հետվերադարձի կամ ամսաթվերի փոփոխության խնդիրներից բացի այլ հացեր չկան։ Հարկ եմ համարում նշել, որ այսօրվա դրությամբ մեծ թվով ՀՀ զբոսաշրջիկներ մնացել են արտերկրում, թռիչքների չեղարկման պատճառով, հիմա մեր ընկերությունը փորձում է մոտակա թռիչքներով, որոնք դեռ չեն չեղարկվել, կազմակերպել ուղևորների վերադարձը: Մի մասը գնել են տոմսեր ուշ ամսաթվերով և հրաժարվում են մեկնել իսկ մի շարք ավիափոխադրողներ էլ հրաժարվում են գումարի հետվերադարձ անել պատճառաբանելով որ դեռ պաշտոնական հրաման չունեն ։
Այս պահին շատ տուրիստական կազմակերպություններ ժամանակավոր դադարեցրել են իրենց աշխատանքները։ Կարծում եմ, որ պետք է մի քիչ դիմանալ, թեկուզ սեփական ռեսուրսներով պահպանել աշխատատեղերը, ի վերջո գործատուն մի քիչ էլ ռիսկն իր վրա պետք է կրի, մինչև ամեն ինչ կարգավորվի և նոր ուժով փորձենք հետ բերել բոլոր վնասները։
-Այս պահին ՀՀ Կառավարությանը դիմելու որևէ անհրաժեշտություն կա՞։
- Չնայած, որ հիմա այդքան էլ հարմար ժամանակ չէ որևէ պահանջով դիմել մեր կառավարությանը, քանի որ կարծում եմ, որ այս պահին մեր երկրում բոլոր ռեսուրսները պետք է ուղղված լինեն համաճարակի տարածումը կանխելու դեմ ու ինչքան շուտ վերջանա այս ամենը, այնքան շուտ կվերականգնվի ամեն բնագավառ, սակայն եթե այս վիճակը երկարեց, տուրիզմի հետ առնչվող բոլոր մանր և միջին կազմակերպությունները կկանգնեն ոչնչացման առաջ։ Շատ կարևոր է լինելու պետության աջակցությունը այս հարցում, որպեսզի կարողանանք արագ վերականգնել ոլորտը տեղծված ճգնաժամային իրավիճակի ավարտից հետո:
Լիլիթ Հակոբյան