«Փաստ» օրաթերթը գրում է.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Կրթության մասին» օրենքում: Նշվում է, որ երեխաների կրթության և դաստիարակության գործընթացում խիստ մտահոգիչ է արտադպրոցական կրթության ոլորտում ներկայում առկա ոչ միասնական մոտեցումների կիրառումը։
Հայաստանի Հանրապետությունում արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային իշխանության տարիներին, սակայն առ այսօր որևէ իրավական ակտով սահմանված չէ արտադպրոցական ուսհաստատության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների անվանացանկն ու դրանց նկարագիրը, իսկ մանկավարժների և վարչատնտեսական աշխատողների ոչ միայն մասնագիտական պատրաստվածությամբ, այլև գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պետք է օժտված լինի անձը: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 1996 թ.-ին, երբ Հայաստանում ձևավորվեց վարչատարածքային կառավարման նոր համակարգ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ արտադպրոցական ուսհաստատությունների մոտ 80 տոկոսը հանձնվեց համայնքներին:
Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսական միջոցները գոյանում են պետական և համայնքային (ըստ ենթակայության) բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, օրենսդրությամբ չարգելված այլ լրացուցիչ աղբյուրներից: Ներկայում գործող ֆինանսավորման բանաձևը հնարավորություն չի տալիս գործընթացն իրականացնել միանման սկզբունքով, և այս ոլորտում չի ապահովում տեղական, մարզային, պետական մարմինների, ինչպես նաև միջգերատեսչական պատշաճ համագործակցությունը, պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի թափանցիկության ապահովումը։
Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համար անհրաժեշտ է կիրառել միասնական մոտեցում՝ հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար: Այսպիսով, նախագծով կարգավորվում են արտադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, մանկավարժական և վարչատնտեսական կազմին ներկայացվող պահանջների, պետական ֆինանսավորման և վերահսկողության հետ կապված հարաբերությունները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում