Ասում եք՝ ո՞վ էր որոշելու Ղարաբաղի հարցը…. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման օրն է: Երեսուներեք տարի առաջ Արցախը հռչակեց անկախանալու մասին, ինչը լիովին համապատասխանում էր թե՛ ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքներին, թե՛ արդեն քանդվող ԽՍՀՄ օրենքներին, թե՛ միջազգային իրավունքի նորմերին: Բայց Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանության չարաղետ գործունեության ու վարած ոչ հայանպաստ ու ոչ արցախանպաստ քաղաքականության հետևանքով սեպտեմբերի 2-ն առաջին անգամ նշելու ենք լիովին հայաթափված ու ամբողջությամբ թշնամուն հանձնված Արցախի պայմաններում:

Ի դեպ, պատմության մեջ առաջին անգամ հենց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց լիովին հայաթափել հազարամյակներ շարունակ հայկական մնացած Արցախը: Թե ինչ ընթացքով, նորից չենք կրկնի, այդ ամենը բոլորի աչքի առջև է: Առհասարակ, Փաշինյանը միշտ էլ խորապես ատել ու ատում է Արցախն ու արցախցիներին, ատում է հայոց պատմությունը, ատելով ատում է հայոց հաղթանակները: Ատում է հաղթողներին: Բայց դա չէ միայն հարցը, առավել ևս, որ այդ՝ բազմիցս արտահայտված ատելության երևույթին անդրադառնալու առիթներ եղել են: Հարկավ, Արցախի անկախության օրվա առիթով լավ կլիներ անդրադառնալ խնդրի պատմաքաղաքական կողմերին, այն պայմաններին ու իրավիճակին, որի պայմաններում որոշվեց ինքնորոշման իրավունքի իրացման վրա շեշտը դնել, խոսել ու հիշեցնել ազատամարտի ու Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած առաջին պատերազմի (1991-94 թթ.) ընթացքի մասին, դիտարկել հաջորդած բանակցային գործընթացի նրբերանգները:

Բայց Փաշինյանի կողմից ու Հայաստանի անունից պաշտոնապես Արցախն ուրանալուց, դրա հետևանքով կատարված ահավոր աղետից ու հայրենազրկումից հետո բոլոր այդ խոսակցությունները մի տեսակ անտեղի են թվում: Իսկ, այ, նույն Փաշինյանի երկերեսանի մոտեցումների մասին շարունակ արժե հիշեցնել: Ինչպես վերջերս իր կողմից արված խոստովանությունը, թե իր սխալն այն է, որ դեռևս 2018-ին ինքը չէր ասել, որ իշխանության է եկել Արցախը հանձնելու համար: Ինքն ասաց, որ դեռ այն ժամանակ պիտի ասեր, թե՝ Արցախը պետք է հանձնել, այլ տարբերակ չկա… Բայց նույն այդ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, արդեն ՀՀ վարչապետի կարգավիճակում երդում էր ուտում, թե՝ նման բան չկա՜, որ երբ իր մասին ասում են, թե եկել է Արցախը հանձնելու և Հայաստանն աղետելու նպատակով, ցանկանում են իրեն վակաբեկել: Գոռում էր (2018-ի օգոստոսի 17-ին, հիշո՞ւմ եք) հրապարակում, թե երբեք ժողովրդի թիկունքում ոչինչ չի անի, այն էլ՝ Արցախի հարցի հետ կապված:

Ի դեպ, նույն Փաշինյանը 2019-ի մայիսի 8-ին ասուլիս էր տալիս ու, սրբերի որմնանկարների խորապատկերում մունաթ գալով, հայտարարում էր, թե՝ ժողովուրդը պիտի որոշի Ղարաբաղի հարցը: Ավելին, «նախկիններին» մեղադրում էր ինչում ասես, այդ թվում՝ վերագրում մոտեցում, թե նրանք, իբր, դեմ են, որ «ժողովուրդը որոշի» (դեռ մի կողմ, որ նման հարցադրում երբեք չի եղել, ու նման պնդումները փաշինյանական սովորական մանիպուլ յացիաներ են): Բայց հիմնականը. այդ պատմական ասուլիսում Փաշինյանը հոխորտալով վրա էր տալիս՝ «էդ ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ հողեր ծախելու մեջ մեղադրի… ո՞վ են դրանք ընդհանրապես… զինվորի հաշվին վզներ հաստացրածները… նրա՞նք պիտի Ղարաբաղի հարց որոշեն… Բանակ թալանածն իրավունք չունի ընդհանրապես Ղարաբաղի հարցի մասին խոսել: Եվ, այո, ժողովուրդն ա որոշելու…»:

Սա, կրկնենք, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այն Նիկոլ Փաշինյանը, որ նախ՝ թաքուն բանակցություններ էր վարում թշնամու հետ, բանակցությունների առարկան երբեք հրապարակային չէր արծարծում (ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք): Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որը ժողովրդից թաքուն, մթության քողի տակ նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարությունն է ստորագրել՝ առանց որևէ «ժողովրդի» որևէ բանի մասին տեղյակ պահելու: Դա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ 2021-ին գնաց Պրահա և, ինչպես հայտնի է, ԵՄ «քավորությամբ» ուրացավ Արցախը: Դա էլ, ի դեպ, առժամանակ գաղտնի էր պահվում, մինչև որ 2022-ի գարնանը պաշտոնապես չհայտարարեց ուրանալու մասին: Թե բա՝ «ժողովուրդն է որոշելու…»:

Որոշեց ինքը, միանձնյա: Իր թիմն էլ, որպես կոլեկտիվ պատասխանատու, որոշեց մտնել այդ մեղքի տակ: Ի՜նչ ժողովուրդ, ի՜նչ հանրաքվե: Ո՞վ է ժողովուրդն, ընդհանրապես, Փաշինյանի համար: Տուգանքի ու հարկային քերթման «մատերիալ», ոչ ավելին: Իսկ այս ամենի մեջ ամենահիմնականն ու ամենատարօրինակն այն է, որ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am