«Փաստ»-ը գրում է.
Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները փակել են Երևան – Աշտարակ ավտոճանապարհը։ Նրանք պահանջել են, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է։
Նշենք, որ մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, իսկ այժմ ոչ մայրաքաղաքային ընկերությանն են հանձնում։ Ընդ որում, ցուցարարները պնդել են, որ Պռոշյանը լիովին կապված է Երևանին, բոլորի աշխատավայրերը Երևանում են, ուսանողները Երևան են գալիս։ Ցուցարարները վստահեցրել են, որ ոտքով կգնան, բայց չեն օգտվի նոր ավտոբուսներից:
Իշխանությունները բողոքի ակցիայի վայր ոստիկաններ ու կարմիրբերետավորներ են բերել, որոնք փորձել են սադրանքներ հրահրել, քաշքշել մարդկանց, մի քանիսին էլ ցանկացել են բերման ենթարկել։ Մի քանի ժամ անց Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները բացել են ճանապարհը պայմանով, որ ապրիլի 7-ին իրենց կընդունեն կառավարությունում և հարցին լուծում կտան։
Նախնական պայմանավորվածությամբ, ցուցարարները կհանդիպեն փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ։ Բնակիչներին խոստացել են նաև, որ առայժմ կշարունակի գործել 25 համարի երթուղին: Եթե բնակիչների արդարացի պահանջը չկատարվի, պատրաստ են անգամ վրաններ խփել կառավարաման ամառանոցների դիմաց՝ արգելափակել Նիկոլ Փաշինյանի ելումուտը։
Մեր տեղեկություններով, պռոշյանցիների հետ միասին բողոքի ակցիան կազմակերպել է «Համահայկական ճակատ» շարժումը, որը այս պահին էլ շարունակում է ակտիվություն ցուցաբերել թե՛ կազմակերպչական, թե՛ հետագա գործողություններ ծրագրելու մասով։
Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գլխավորած շարժման խորհրդում հակված են ակտիվորեն կազմակերպել քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը միտված տարաբնույթ գործողություններ։
Ի դեպ, Պռոշյանի ՔՊ֊ական գյուղապետը առաջարկել է, որ նոր երթուղին սկսի շահագործվել երկուշաբթի օրվանից, որպեսի աշխատանքի մեկնող քաղաքացիներն ու դասի մեկնող ուսանողները հնարավորությոն չունենան մասնակցելու բողոքի գործողություններին…
Ինչ խոսք, տիպիկ ՔՊ֊ական «շուստրիություն»։