Անկանխիկ գործարքների առումով քաոսային իրավիճակ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրեց, թե անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվում է 216380 քաղաքացի։ Նախարարությունը նաև հիշեցնում է, որ սեպտեմբերի 1-ից անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվում է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։ Այս ամենը գուցե տպավորիչ է, եթե չլինեն մի շարք… եթե-ներ:

Բայց ամեն ինչ հերթով: Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը ընդգծում է անկանխիկ շրջանառությունն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Եվ, իսկապես, ներկա տեխնոլոգիական զարգացման պայմաններում անկանխիկ գործարքների իրականացումն էական առավելություններ է տալիս։ Ու տարբեր երկրներ քայլեր են ձեռնարկում կանխիկի շրջանառությունը կրճատելու և անկանխիկինն ավելացնելու համար։ Իսկ Հայաստանում 2022 թվականին անգամ որոշում ընդունվեց, որ մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։ Ներդրվեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համակարգը, ինչի մասին էլ ակնարկում կամ հիշեցնում է ԱՍՀՆ-ն: Թվում է՝ խայտառակ ցածր թոշակների պայմաններում 6000 դրամը քիչ գումար չէ։ Բայց այստեղ է, որ առաջ են գալիս մի քանի կարևոր խնդիրներ:

Նախ՝ 10 տոկոսը 12 դարձնելու հետ, նոր փոփոխության համաձայն, սեպտեմբերի 1-ից արդեն կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվում։ Այսինքն, թոշակառուներին մնում է քարտով միայն գնումներ կատարել խանութներից: Միջանկյալ նշենք, որ քիչ չեն այն քաղաքացիները, որոնք իսկապես հակված են իրենց մոտ քիչ կանխիկ գումար պահել և վճարումներ կատարել քարտով։ Բայց անկանխիկ վճարումների մասով բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետության կողմից դեռևս լուծված չեն։ Այսինքն, պետությունը հայտարարում է անկանխիկ վճարումները խրախուսելու մասին, սակայն խնդիրներն այնքան շատ են, որ հաճախ քաղաքացիների համար դա դառնում է գլխացավանք:

Օրինակ՝ մայրաքաղաքի հատկապես ծայրամասերում, առավել ևս՝ մարզերում քիչ չեն փոքր ու միջին խանութները, որոնք կա՛մ համապատասխան տերմինալ չունեն, կա՛մ ուղղակի հակված չեն անկանխիկ վճարումների իրականացմանը, օրինակ՝ դրանք տարօրինակ կերպով «հանկարծ» կա՛մ «այս պահին» չեն աշխատում, կա՛մ հընթացս «խափանվում» են։ Խոսքն առավելապես վերաբերում է պտուղ-բանջարեղենի խանութներին, թեպետ նման գործելաոճով են աշխատում այլ փոքր խանութներ ևս: Սրան պետք է հավելել բոլոր այն դեպքերը, երբ խանութներն ունեն վճարային տերմինալ, բայց մեծամասամբ քարտով վճարել ցանկացող հաճախորդը հանդիպում է սառը, նույնիսկ մի տեսակ թշնամական վերաբերմունքի, չհաշված՝ մշտական «մուննաթը»։

Դե պարզ է, որ քարտով վճարումների դեպքում գործարքը գրանցվում է, ու տնտեսվարողները հակված են, որ էլեկտրոնային համակարգում գործարքները քիչ գրանցվեն, որ քիչ հարկեր վճարեն։ Մյուս հարցն այն է, որ պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքներ չեն ստեղծվել, որպեսզի արագ կապ ապահովվի ու գործարքներն արագ գրանցվեն առանց խնդիրների՝ հատկապես մարզերում։ Մասնավորաբար, վճարման համակարգերը պետք է հաճախակի թարմացվեն, ու հատուկ հսկողություն սահմանվի դրանց նկատմամբ։ Կառավարությունից անընդատ ընդգծում են, որ շատ մեծ գործ են կատարել թոշակառուների համար հետվճարային համակարգի ներդրման տեսանկյունից, սակայն իրականության մեջ, երբ հսկողություն չկա անկանխիկ առևտրի իրականացման հարցում, ապա հետվճար ստանալու նրանց հնարավորությունները էապես սահմանափակվում են։

Միգուցե կառավարությունը պետք է ավելի արտոնյալ պայմաններ ստեղծի կամ հարկային բոնուսներ տրամադրի խանութներին ու այլ տնտեսվարողներին՝ անկանխիկ շրջանառության պարագայում, որպեսզի նրանք փոխեն իրենց վերաբերմունքը անկանխիկ վճարումների հարցում ու նույնիսկ շահագրգռված լինեն։ Միևնույն ժամանակ, այս ամենը չի նշանակում, որ պետք է ամբողջովին խուսափել կանխիկի գործածումից, քանի որ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ էլեկտրոնային վճարային համակարգերում կարող են խափանումներ տեղի ունենալ կամ այլ խնդիրներ առաջանան, ֆինանսական գործառնությունները կաթվածահար կլինեն, ու անհնար կլինի առևտուր անել։ Ուստի, այս առումով կանխիկի գործածումն ապահովում է այլընտրանքային անվտանգության բարձիկները։ Մի խոսքով, որևէ համակարգ գործարկելուց առաջ, առավել ևս՝ ընթացքում, հստակ պետք է կանոնակարգվեն առկա խնդիրները, հակառակ դեպքում, ինչպես այս, այնպես էլ այլ պարագաներում, նույնիսկ ճիշտ գաղափարը վերածվում է հանրության համար իսկական փորձանք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am