Շուտով Արմենիա TV-ի եթերում հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու ևս մեկ նոր հեռուստանախագիծ՝ «Ջիմի Ջիմի» 16 մասից բաղկացած սերիալը, որտեղ հայ հայտնի դերասաններից բացի ներգրավված են նաև հնդիկներ: Նախագծի պրդյուսերներն են Ռաֆայել Երանոսյանն ու Վահան Թովմասյանը, դերասանական կազմում են Ռաֆայել Երնոսյանը, Արմուշը, Լևոն Հարությունյանը, Ժաննա Բուտուլյանը, Վահան Թովմասյանը և այլք: Tert.am Life-ը ներկա է եղել հեռուստասերիալի նկարահանումների ընթացքին, դերասանների ու ստեղծագործական թիմի հետ հարցազրույցներն ու բեքսթեյջ լուսանկարները պարբերաբար կներկայացնենք ընթերցողին:
Նախագծում նկարահանվելու համար Հայաստան է ժամանել դերասան, շոումեն Արմուշը, ում խոսքով՝ հրավերը ստանալուն պես առանց մտածելու համաձայնել է՝ հաշվի առնելով, թե ովքեր են այս նախագծում:
«Կերպարս ինձ շատ է դուր գալիս, իր աշխուժությունը համընկնում է իմ ապրելակերպին: Ռաֆայելի կերպարի մորաքրոջ տղան է, միշտ պատմությունների մեջ է ընկնում ու գլխացավանք է առաջացնում, մի քիչ էլ խաղամոլ է»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանը:
Արմուշի խոսքով՝ հնդիկների հետ աշխատելիս իրենց մշակույթի հետ են ծանոթանում, իսկ նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում:
«Հնդիկները շատ շուտ ինտեգրվում են: Ամեն օր կուրիոզ դեպքեր են լինում, հատկապես իմ ու Ռաֆոյի տեսարանների ժամանակ, երբ սկսում ենք իմպրովիզներ անել»,- ասաց Արմուշը:
Ֆիլմում Ռաֆայել Երանոսյանը մարմնավորում է Արթուրի կերպարը՝ շուտ սիրահարվող ու բարին գնահատող:
«Ապագա կնոջս մարմնավորում է Ժաննա Բուտուլյանը, աներս հարուստ է և նրա բիզնեսները տնօրինում եմ ես, բայց կերպարս ընթացքում սիրահարվում է հնդիկ աղջկա, իսկ ինչ է լինում վերջում, թող մնա գաղտնիք: Ամեն ինչ անում ենք, որ հեռուստադիտողը կլանված հետևի, թե հաջորդիվ ինչ է սպասվում»,- նշեց Ռաֆայել Երանոսյանն, ում խոսքով՝ հնդկական ֆիլմ նկարելու գաղափարը դեռ վաղուց է եղել: Հաջորդ եթերաշրջանի նկարահանումները հնարավոր է իրականացվեն Դելիում:
Անդրադառնալով քննադատություններին ու վատ մեկնաբանություններին, դերասանը նշեց, որ անկախ նրանից ինչ ես անում, ինչպես ես անում, միշտ կա ինչ-որ մեկը, որ դժգոհ է:
«Եթե բոլորս լսենք այդ մեկին, ոչ մի բան չպիտի անենք: Տանն էլ մնամ, կասի՝ ո՞ւր ես, չկաս…Մենք անում ենք մեր գործը, մենք ժպիտ ենք պարգևում մարդկանց, ոչ մի վատ բան չենք անում, ինչ կխոսեն՝ թող խոսեն»,- ամփոփեց Ռաֆայել Երանոսյանը: