«Տոյոտա Երևան»-ում խնդիրներն ավելանում են

1or.am-ը գրում է․

Ապրանքներն ու ծառայությունները կանխիկ եղանակով վաճառելու, այդկերպ գումարային շրջանառությունը ՊԵԿ-ից թաքցնելու գործում նույնիսկ չեմպիոններ կան։ Հայաստանում հարկերը, իհարկե, ցածր չեն, բայց դրանց միջոցով է ապահովում պետբյուջեն, որից էլ գոյանում են աշխատավարձերը, թոշակները, սոցիալական և ռազմական ծախսերը, կրթության և մշակույթի համար նախատեսված գումարները։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էլ բազմիցս նշել է, թե «հերոսը հարկատուն» է։

Նշելը նշում են, բայց որոշ ընկերություններ փորձում են խուսափել հարկային որոշ պարտավորություններից։ Մեր տեղեկություններով, այդպիսի ընկերություններից մեկն էլ Հայաստանում հայտնի «Տոյոտա Երևանն» է, որը մեքենաների վաճառքի առաջատարներից է։ Միայն այս տարվա ընթացքում 200-ից ավելի մեքենա վաճառվել է ոչ «ինվոյսային» գներով, արդյունքում «Տոյոտա Երևանը» կլորիկ մի գումար է տնտեսել ՀՀ հարկատուների հաշվին։

Մեքենաների վաճառքի ոլորտը հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի թիրախում, հատկապես կառավարության վերջին նիստերից հետո, երբ հարցն ընդհուպ գործադիր էր հասել։ Մեքենաների վաճառասրահներից որոշ դեպքերում վաճառքն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ դա իրական արժեքը չարտացոլելու ձև է։ Այսինքն` այս պարագայում մեքենաները կարող են վաճառել իրենց ցանկացած գներով` շրջանցելով հարկային դաշտը։

ՊԵԿ-ն արդեն հայտարարել է, որ ցանկացած կասկածելի գործարք չի կարող դուրս մնալ իրենց ուշադրությունից։ Դե ինչ, գնդակը, ինչպես ասում են, ՊԵԿ-ի դաշտում է։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am