Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում վերջին տարիներին ձևավորվել է մի քաղաքական խոսույթ, որի առանցքում «խաղաղությունը» ներկայացվում է ոչ միայն որպես արտաքին քաղաքական նպատակ, այլև որպես ներպետական օրակարգի գլխավոր չափանիշ, հանրային խոսքի բարոյական սահմանագիծ և քաղաքական լեգիտիմության հիմնական աղբյուր։ Ամենաբարձր մակարդակով անընդհատ կրկնվում է, որ խաղաղությունը բարձրագույն արժեք է, որ այն պետք է պահպանել, գուրգուրել, չվտանգել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը պատմական ձեռքբերում է, որը չպետք է խաթարվի որևէ սուր հայտարարությամբ, որևէ կոշտ գնահատականով կամ որևէ քննադատական ձևակերպմամբ։

Այս մոտեցումն ինքնին, եթե դիտարկվի մեկուսացված և ընդհանուր բարոյաքաղաքական հարթության մեջ, կարող է թվալ բնական ու նույնիսկ անհրաժեշտ։Չէ՞ որ պատերազմներից, մարդկային կորուստներից, բռնի տեղահանումներից, անվտանգային ցնցումներից և պետականության համար ծանր փորձություններից հետո որևէ հասարակության համար խաղաղության ձգտումը ոչ թե թուլության, այլ գոյատևման, վերականգնման և ապագա կառուցելու նախապայման է։

Սակայն խնդիրն առաջանում է այն պահին, երբ խաղաղության մասին խոսքը Հայաստանում դառնում է միակողմանի պահանջ, ներքաղաքական լռեցման մեխանիզմ և իրականության վտանգավոր պարզեցում, իսկ մյուս կողմում՝ Ադրբեջանում, պետական ամենաբարձր մակարդակով շարունակվում է ոչ թե խաղաղության, հաշտեցման, փոխադարձ ճանաչման և արժանապատիվ համակեցության խոսույթը, այլ Հայաստանի և հայերի նկատմամբ մեղադրանքների, թշնամանքի, պահանջների, նվաստացման և ապամարդկայնացման հետևողական արտադրությունը։ Այս հակադրությունն է ներկայիս տարածաշրջանային իրողության ամենավտանգավոր առանցքներից մեկը։ Երևանում խաղաղությունը հաճախ ներկայացվում է որպես արդեն ձեռք բերված և միայն պահպանման ենթակա վիճակ, մինչդեռ Բաքվում այն օգտագործվում է առավելապես որպես Հայաստանից նոր զիջումներ ստանալու, սեփական հաղթանակի քաղաքական կապիտալը երկարաձգելու և հայ հասարակությանը մշտական հոգեբանական ճնշման տակ պահելու գործիք։

Հայաստանի ներքաղաքական դաշտում խաղաղության թեման աստիճանաբար վերածվել է «հայրենասիրության» ստուգման միջոցի։ Եթե որևէ մեկը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք խաղաղությունը կարող է կայուն լինել, եթե այն կառուցվում է միայն Հայաստանի կողմից զիջումների, ինքնասահմանափակումների և վտանգների չբարձրաձայնման վրա, եթե որևէ մեկը նշում է, որ Ադրբեջանի հայտարարությունները, սպառնալիքները, պատմական ու տարածքային ակնարկները, ռազմատենչ հռետորաբանությունը և հայերի նկատմամբ շարունակվող ատելության լեզուն չեն համատեղվում իրական խաղաղության տրամաբանության հետ, այդ մարդը հաճախ ներկայացվում է որպես «պատերազմ ցանկացող» կամ «խաղաղության դեմ գործող»։ Այս տրամաբանությունը հատկապես տեսանելի դարձավ նախընտրական և հետընտրական քաղաքական խոսույթում, երբ հանրությանը փաստացի առաջարկվեց կեղծ երկընտրանք՝ կա՛մ այս իշխանությունների ներկայացրած խաղաղության օրակարգը, կա՛մ պատերազմ։ Այդպիսի ձևակերպումը վտանգավոր է մի քանի պատճառներով։ Նախ՝ այդ մոտեցումը խաղաղությունը նույնացնում է կոնկրետ իշխանության քաղաքականության հետ՝ կարծես խաղաղության ցանկացած այլ պատկերացում, ավելի հավասարակշռված, ավելի անվտանգային, ավելի իրավահեն, ինքնաբերաբար դառնում է պատերազմական։ Երկրորդ՝ այն հանրային քննարկումից դուրս է մղում այն հարցերը, որոնք հենց խաղաղության կայունության համար են կարևոր. ինչպիսի՞ երաշխիքներով է կառուցվում խաղաղությունը, ինչպե՞ս է պաշտպանվում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպե՞ս են կանխվում նոր պահանջները, ինչպե՞ս է արձագանքվում հայատյաց պետական քարոզչությանը, ինչպե՞ս է ապահովվում, որ խաղաղության փաստաթուղթը չդառնա ընդամենը պատերազմի հերթական փուլի հետաձգում։ Երրորդ՝ այն հասարակությանը վարժեցնում է այն մտքին, որ խաղաղության մասին խոսելը նշանակում է լռել վտանգների մասին, մինչդեռ իրականում կայուն խաղաղությունը երբեք չի կառուցվում վտանգների ժխտման, հակառակորդի հռետորաբանության անտեսման կամ սեփական հանրության քննադատական ձայնը ճնշելու վրա։

Այդ ֆոնին Ադրբեջանի նախագահի վերջին ելույթները, այդ թվում՝ 2026 թվականի հոկտեմբերին հնչած ձևակերպումները, ցույց են տալիս, որ Բաքվի պաշտոնական խոսույթում խաղաղության լեզուն առնվազն երկրորդական է, իսկ առաջնայինը շարունակում է մնալ հաղթողի, պատժողի, նվաստացնողի և պատմական պահանջներ ձևակերպողի հռետորաբանությունը։ Իլհամ Ալիևի կողմից օգտագործվող արտահայտությունները՝ «հայկական ֆաշիզմ», «հայ ֆաշիստներ», «մանկասպաններ», «բարբարոսներ», «ռազմական հանցագործներ», «ագրեսոր Հայաստան», «էթնիկ զտումներ իրականացրած Հայաստան», ոչ թե պատահական հռետորական չափազանցություններ են, այլ երկար տարիների պետական քարոզչության շարունակություն։ Այսպիսի ձևակերպումների վտանգը միայն դրանց վիրավորական լինելը չէ։ Դրանք ունեն քաղաքական, հոգեբանական, իրավական և անվտանգային հետևանքներ։ Երբ պետության ղեկավարը հարևան ժողովրդին կամ նրա նախկին ղեկավարներին համեմատում է ֆաշիստների հետ, երբ դատական գործընթացները ներկայացնում է որպես Նյուրնբերգյան դատավարության հետ նմանություն, երբ բանտերում գտնվող հայ գործիչների մասին խոսում է նվաստացնող տոնով՝ նշելով, որ նրանք այժմ «ադրբեջանական թեյ են խմում» ադրբեջանական բանտերում, նա ոչ թե խաղաղություն է կառուցում, այլ պատերազմից հետո թշնամանքի սոցիալական հիշողությունն է ամրացնում։

Ալիևի ելույթներում առանձնապես ուշագրավ է այն, որ Հայաստանի նկատմամբ մեղադրանքների ցանկը երբեք չի սահմանափակվում միայն Ղարաբաղյան հակամարտության անցյալով։ Այն ընդլայնվում է դեպի Հայաստանի Հանրապետության ներկա տարածք, դեպի «պատմական հողերի» գաղափար, դեպի «Արևմտյան Ադրբեջան» և «Արևել յան Զանգեզուր»։ Արդյունքում զարգացվում է այն պնդումը, թե ադրբեջանցիները վտարվել են ոչ միայն Ղարաբաղից, այլև ներկայիս Հայաստանի տարածքից։

Այդտեղ է ադրբեջանական պաշտոնական խոսույթի երկրորդ կարևոր շերտը։ Այն ոչ միայն անցյալը ներկայացնում է որպես միակողմանի հայկական մեղքի պատմություն, այլև բացում է ապագա պահանջների դուռը։ Երբ Ալիևն ասում է, որ Հայաստանը «ռազմական ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ» և «մեկ միլիոն ադրբեջանցիների վտարել է իրենց հայրենի պատմական հողերից՝ թե՛ Ղարաբաղում և Արևել յան Զանգեզուրում, թե՛ ներկայիս Հայաստանի տարածքից», այդ ձևակերպումները չեն կարող դիտվել միայն պատմական նարատիվի մաս։ Այն քաղաքական պահանջի լեզու է։

Այս համատեքստում հատկապես կարևոր է հասկանալ, որ Ադրբեջանի ղեկավարության խոսքը ներքին սպառման քարոզչություն չէ միայն։ Այն ուղղված է միաժամանակ մի քանի լսարանի։ Ներքին լսարանին այն ասում է՝ պատերազմում հաղթանակը դեռ ավարտված չէ, «թշնամին» դեռ կա, պետությունը շարունակում է պաշտպանել ազգային արժանապատվությունը, իսկ իշխանությունն այն ուժն է, որը «կոտրել է հայկական ֆաշիզմի ողնաշարը» և շարունակում է պատմական արդարություն իրականացնել։ Միջազգային լսարանին այն փորձում է փոխանցել, որ Ադրբեջանն ինքը զոհ է եղել, հետևաբար իր բոլոր գործողությունները՝ պատերազմը, Արցախի հայաթափումը, հայ գործիչների ձերբակալությունները, ռազմական ավարի ցուցադրությունները, Հայաստանի նկատմամբ ճնշումները, պետք է ընկալվեն որպես ուշացած արդարության վերականգնում։ Հայաստանի լսարանին այն ուղարկում է վախի և անխուսափելիության ազդակ՝ ցույց տալով, որ եթե Հայաստանը փորձի դիմադրել, բարձրաձայնել իր իրավունքների մասին կամ քննադատել Բաքվի գործողությունները, Ադրբեջանի հաղթական ու պատժիչ մեքենան նորից կարող է գործի դրվել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am