Սննդամթերքի արտադրության ոլորտում վճարված հարկերի մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում երեք կազմակերպության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկն ինքնին բավական ուշագրավ վերլուծությունների տեղիք է տալիս ոչ միայն ընդհանուր առմամբ վճարված հարկերի, ընկերությունների՝ այդ ցուցակում տեղաշարժի, այլև այն առումով, թե որ ոլորտում ինչպիսի իրավիճակ է: Այս անգամ ՊԵԿ-ի հրապարակած 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում ուսումնասիրել ենք սննդամթերքի արտադրության «դաշտը»։ Հրապարակված տվյալների համաձայն, սննդամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից վճարվել է շուրջ 30 մլրդ դրամի հարկ (դասակարգումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թ. սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հիման վրա)։ Հետաքրքիր է, որ նշված գումարի գրեթե 50 %-ը բաժին է ընկնում… երեք կազմակերպության՝ «Գրանդ Քենդի», «Աթենք» և «Բաղրամյան»:

Ի մասնավորի, հրուշակեղենի և պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Քենդի» ընկերությունը վճարել է 6,4 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 21 %-ը: Այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 30-րդն է: Հաջորդը մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությունն է, որը վճարել է 5,4 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 18 %-ը: Ի դեպ, «Աթենքը» նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 24 հորիզոնականով և 1000 խոշոր հարկատուների ցանկում 38-րդն է: Վերջապես լավագույն եռյակը եզրափակում է ալ յուրի արտադրությամբ զբաղվող «Բաղրամյան» ընկերությունը, որը վճարել է 2,8 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 9 %-ը։ Այս կազմակերպությունը ցանկում 85-րդն է:

Հավելենք, որ սննդամթերքի արտադրության ոլորտում միայն նշյալ երեք ընկերություններն են լավագույն հարյուրյակի մեջ: Ներկայացնենք նաև այս ոլորտի առաջատար տասնյակի մյուս ընկերությունները. «Դուստր Մարիաննա» (115-րդ տեղ), «Մարտին սթար» (164-րդ տեղ), «Ռոյալ-Արմենիա» Հ/Ձ (202-րդ տեղ), «Բեկոն պրոդուկտ» (282րդ տեղ), Երևանի շոկոլադի գործարան (361-րդ տեղ), «Կաֆե Դյու Բրազիլ» (410-րդ տեղ) և «Արտաշատի պահածոների գործարան» (421-րդ տեղ):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am