Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է Լիբանանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները՝ հայտարարելով, որ այդ երկրի իսկական թշնամին Իսրայելն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Դատելով նախագահ Ջոզեֆ Աունի հայտարարություններից՝ կարելի է կարծել, թե ոչ թե Իսրայելը, այլ Իրանն է օկուպացրել Լիբանանի մեկ հինգերորդ մասը, ստիպել բնակչության քառորդ մասին լքել իրենց տները և ամեն օր ռմբակոծում է քաղաքներն ու գյուղերը։ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամուց»,- գրել է Արաղչին։

Հունիսի 5-ին Աունը Իրանի ղեկավարությունից պահանջել էր դադարեցնել միջամտությունը Լիբանանի ներքին գործերին, որը ծանր բանակցությունների արդյունքում հասել է Իսրայելի հետ հրադադարի։ Նրա խոսքով՝ իրանցիները Լիբանանն օգտագործում են որպես մանրադրամ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ սակարկություններում, իսկ լիբանանցի ժողովուրդը դրա համար գին է վճարում։

Ինչպես ընդգծել է Աունը, իր երկրի շահերը չեն համընկնում Իրանի շահերի հետ, որն աջակցում է Իսրայելի դեմ պատերազմող շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը։

Հունիսի 4-ին ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Իսմայիլ Քաանին իսրայելական բանակից պահանջել էր նահանջել այն դիրքեր, որոնք նա զբաղեցնում էր փետրվարի 28-ի դրությամբ՝ Իրանի դեմ 40-օրյա պատերազմի սկզբին։ Իր հերթին, Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են հարված հասցնել Իսրայելին, եթե նրա բանակը սկսի գրոհել Բեյրութը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am