Արդեն ապացուցել ենք՝ ինչի ենք ընդունակ ցանկացած մարզադաշտում. Արտետան զգուշացնում է «Ատլետիկո»-ին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ սպասվող դիմակայության վերաբերյալ իր ակնկալիքներով:

««Ատլետիկոն» չափազանց ուժեղ է թե՛ հարձակման գծում, թե՛ պաշտպանությունում. հակառակ դեպքում նրանք պարզապես չէին հայտնվի կիսաեզրափակչում։ Մարզադաշտում նրանց ստեղծած էներգիան, ինչպես նաև սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ են: Բայց մենք պատրաստ ենք դրան:

Կարծում եմ՝ անցած 15 տարում Դիեգո Սիմեոնեն հսկայական աշխատանք է կատարել՝ ամբողջությամբ կերպարանափոխելով ակումբը: Ես միշտ հիացել եմ նման մարդկանցով։ Սիմեոնեի կապն «Ատլետիկոյի» հետ շատ ամուր է։ Նա իսկական օրինակ է բոլորիս համար:

Մեզ համար մեծ պատիվ է երկրորդ տարին անընդմեջ լինել այստեղ՝ Չեմպիոնների լիգայի լավագույն քառյակում: Սա հիանալի հնարավորություն է, և մենք մտադիր ենք այն լիարժեք օգտագործել: Միջազգային հանդիպումների ժամանակ, ցանկացած մարզադաշտում մենք արդեն ապացուցել ենք, թե ինչի ենք ընդունակ։ Պետք է խաղանք հենց այդ վստահությամբ և հաղթելու մեծագույն ցանկությամբ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին՝ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am