Արաբական և իրանական մամուլն անդրադարձել է ԲՐԻԿՍ-ի մասին Մհեր Ավետիսյանի ելույթին. Past.am

Past.am-ը գրում է․

Երևանում օգոստոսի 8-ին կայացած «ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովն իր վրա է հրավիրել միջազգային տարբեր ԶԼՄ-ների ուշադրությունը։

Արաբական, եգիպտական, սաուդյան և իրանական, այլ երկրների ԶԼՄ-ներ մանրամասն անդրադարձել են Երևանում կայացած առանցքային հավաքին, առանձին անդրադարձ կատարել «Իմ երկիր, Իմ Հայաստան» շարժման ղեկավար, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանի ելույթին։

Համաժողովի մասնակիցները ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի տնտեսական և հումանիտար համագործակցությունից բացի, քննարկել էին «Հայաստանի բրենդները և դրանց արտահանման պոտենցիալը», անցկացրել վարպետության դասեր ներդրումների ներգրավման թեմայի վերաբերյալ։

Մհեր Ավետիսյանն իր խոսքում նշել էր, թե Հայաստանի համար շահեկան է դիտարկել ինտեգրումը ԲՐԻԿՍ-ին։ Նա հիշեցրել էր, որ Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի հիմնադիրներից է, այս տարի կազմակերպությանը միացել է Իրանը, իսկ այդ երկու երկրների ներկայությունն արդեն պետք է շահագրգռություն առաջացնի Հայաստանի էլիտայում, որպեսզի ցանկություն ստեղծվի առաջիկայում դառնալու կազմակերպության անդամ։

Արաբական Al-Weam պարբերականը զրուցել է Մհեր Ավետիսյանի հետ։ Վերջինս էլ նշել է, թե ԲՐԻԿՍ-ի նկատմամբ հետաքրքրությունը և համաշխարհային տնտեսության մեջ նրա առաջիկա դերը նպաստել են քայլեր ձեռնարկել Հայաստանին մերձեցնելու այդ կազմակերպության հետ՝ հաշվի առնելով Երևանի ռազմական և տնտեսական հարևանությունը Մոսկվային, և դա են վկայում առկա թվերը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առետրաշրջանառությունն ամենամեծն է։ «Մենք համախմբել ենք հայտնի և կայացած տնտեսական փորձագետների ինչպես Հայաստանից, այնպես էլ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներից՝ բացատրելու, թե ինչ է այդ կազմակերպությունը, ինչ հնարավորություններ ունի, և ցույց տալու կազմակերպության կարողությունը՝ դառնալ լուրջ և մրցունակ համաշխարհային շուկայում»,- նշել է Մհեր Ավետիսյանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am