Կանանց ծանրամարտը Հայաստանում տարիների ընթացքում առավել մեծ հետաքրքրություն սկսեց առաջացնել, և հիմա ծանրամարտով զբաղվում են երկու անգամ ավելի շատ աղջիկներ, քան մոտ 15 տարի առաջ էր: Հայկական ծանրամարտում բեկումնային եղան երկու անուններ` Հռիփսիմե Խուրշուդյան, Նազիկ Ավդալյան:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հռիփսիմե Խուրշուդյանը խոսել է կարիերան ավարտելու որոշման, անցած բազմաբովանդակ ճանապարհի ու մարզաձևի առանձնահատկությունների մասին:

-Հռիփսիմե, սկսելով ամենասկզբից` ինչպե՞ս եղավ ձեր «ծանոթությունը» ծանրամարտի հետ և ո՞վ էր այն մեկն, ով Ձեզ բերեց ծանրաձողին մոտ:  

-Քույրս է եղել այն մեկն, ով ինձ «ծանոթացրել է» ծանրամարտի հետ: Նա է եղել այն շարժառիթը, որ զբաղվեմ ծանրամարտով: Ծնողներիցս թաքուն նա էր հաճախում ծանրամարտի: Դասերից հետո ուշ էր տուն գալիս, ես էլ հետաքրքրվեցի, թե այդ ո՞ւր է գնում: Հետո նա ինձ իր հետ տարավ, ու ես էլ հետևում էի միայն դռան արանքից: Եվ մարզիչն, ում հետ առաջինը սկսեցի աշխատել` Սարմեն Եսայանը, տեսնելով ինձ դռան արանքից հետևելիս` կանչեց ներս: Հետո տվյալներս ստուգեց` ձեռքերս, արմունկներս, որոնք ամենակարևորն են ծանրամարտում։ Ստուգելուց հետո ասեց, որ ներուժ ունեմ պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու: Մարզիչը խոսեց ծնողներիս հետ, բայց մայրս դեմ էր, հարազատներս դեմ էին, միայն հայրս էր, որ աջակցեց ինձ: Առաջին մրցումներին  էլ մասնակցել եմ Փաշիկ Ալավերդյանի շնորհիվ: Այն ժամանակ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը Իշխան Զաքարյանն էր: Հարց էր առաջացել, թե ինչո՞ւ պետք է գնամ մրցումների, և ընկեր Փաշիկն ասել էր, որ Հռիփսիմեն պետք է գնա ու ունակ է մեդալ բերելու: Նա ասել էր, որ կհեռանա մարզաձևից, եթե ես չկարողանամ մեդալ բերել։ Շատ լավ էր, որ կարողացա մեդալով վերադառնալ:

-Դուք առաջին կին ծանրորդներից էիք, որ դեմ գնացիք հասարակական այն կարծիքին, թե «ծանրամարտը կնոջ մարզաձև չէ» և մնացիք` ապացուցելով, որ կինը ևս կարող է ուժեղ լինել, կինը կարող է մնալ կանացի ու զբաղվել այս մարզաձևով: Որքանո՞վ էր դժվար այդ ճանապարհն անցնելը: 

-Իսկապես շատ դժվարությունների առաջ եմ կանգնել այդ ճանապարհին: Բոլորն ասում էին, որ հետագայում մայրանալու հարց կա, և ծանրությունն աղջկա համար չէ: Գիտես, նույնիսկ պահեր էին լինում մարզումներից հետո, որ երկմտում էի՝ գուցե, մյուսները ճիշտ են: Սակայն, ոչ: Եթե ուզում եք, որ ձեր անունը մնա սպորտում, պետք է առաջ գնաք: Ու նպատակ էլ կար, որ ծանրամարտով զբաղվող աղջիկները շատանան:

-Շատ երկար քննարկվեց  դոպինգ սկանդալը, բայց դա արդեն անցյալում է, իսկ ժողովուրդը շարունակում է Ձեզ սիրել: Եկեք բացենք փակագծերը: Ի՞նչ տեղի ունեցավ և ո՞րն էր այն սխալը, որը չպետք է արվեր:

-Ես մինչև օրս ասում եմ, որ այդ ամենը ինձ հետ չպետք է տեղի ունենար: Այդքան տանջանքներից, այդքան մրցաշարերում մեդալներ նվաճելուց հետո գալիս է մեկն ու վերցնում ամենը: Բոլորի համար դա անցյալ է, սակայն ինձ համար մնում է ցավոտ թեմա: Ցավոք, այլևս չեն ասում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյան, այլ պարզապես՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Շատ մեծ ափսոսանք ունեմ:

-Համաշխարհային սպորտում բացառիկ են այն մարզիկները, որոնք, սպորտից հեռանալով, կրկին իրենց մեջ վերադառնալու ուժ են գտնում: Ինքներդ Ձեզ ապացուցելու բան ունեի՞ք, որ վերադարձաք: 

-Երբ վերադարձա, ահավոր բարդ էր․ շատ վնասվածքներ ստացա հենց վերադարձից հետո: Բալիկներ ունենալուց հետո իմ մկանային համակարգն այլ էր, ամբողջությամբ փոխվել էր: Կարծում էի, որ առաջվա Հռիփսիմեն եմ, բայց, ոչ: Այս ընթացքում թե՛ փորձությունների միջով եմ անցել, թե՛ վնասվածքներն եմ հաղթահարել: Սակայն խոստում էի տվել, որ Հայաստանի դրոշը նորից բարձրացնելու եմ միջազգային հարթակներում:

-Եթե մեկ խորհուրդ տայիք այն 15-16-ամյա աղջկան, որ նայում էր ծանրամարտի մարզումները դռան արանքից, ի՞նչ կասեիք։ 

-Գնա և ևս մեկ անգամ էլ դռան արանքից նայիր: Միշտ ասում եմ՝ երանի մի օր արթնանամ ու նորից 20 տարեկան լինեմ:

-Ի՞նչ է տվել Ձեզ ծանրամարտը: 

-Ամեն ինչ՝ դաստիարակություն, համեստություն, մեծին հարգել, փոքրին հարգել: Ամեն ինչ, ինչ ինքս եմ ուզել:

-Իսկ ի՞նչ է վերցրել Ձեզանից:

-Վերջին երկու տարիների ընթացքում միայն առողջությունս:

-Եթե հնարավորություն ունենայիք կարիերայում  ինչ-որ բան փոխելու,  ի՞նչը  կփոխեիք:

-Միայն 2016 թվականի այդ չարաբաստիկ խոսքը՝ «դուք որակազրկված եք»:

-Ո՞րն է ծանրամարտի գեղեցկությունը, որը տեսանելի է Ձեզ համար, քանի որ ամեն օր մարզաձևի մեջ եք:

-Միշտ կա մեդալի հակառակ կողմը: Ոչ մեկ չի տեսնում այն տանջանքը, որի միջով մենք անցնում ենք մինչև մեդալին հասնելը: Կարծում եմ` գեղեցկությունը նրանում է, որ փառքի հասնելուց հետո բոլորին գեղեցիկ ձևով ցույց ես տալիս այն դժվարությունները, որոնց միջով անցնել ես:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am