Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում․ Փաշինյանը՝ Շոլցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:

Գերմանիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային, կրթական, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում:

Հայաստանի և Գերմանիայի միջև ընթացիկ տարին առանձնացել է նաև բարձր մակարդակի փոխայցելություններով և ակտիվ շփումներով։

Մենք գնահատում ենք մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կարևորում Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր հաջողություններ կգրանցենք երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am