Արևմուտքի՝ 21-օրյա հրադադարի առաջարկից հետո Նեթանյահուն բանակին կարգադրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները. ԶԼՄ-ներ

Իսրայելի վարչապետ Բնեիամին Նեթանյահուն Իսրայելի բանակին կարգադրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները, հայտնում է timesofisrael.com-ը՝ Channel 12-ին հղումով:

Իսրայելի վարչապետի որոշումը պայմանավորված է միջազգային հանրության՝ Իսրայելի և Լիբանանի միջև 21 օրով հրադադար հաստատելու առաջարկով:

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և մի շարք դաշնակիցներ կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Գազայում հրադադարի հաստատմանը, ասվում է երկրների համատեղ հայտարարության մեջ, որը չորեքշաբթի հրապարակել է Սպիտակ տունը՝ Լիբանանում ստեղծված իրավիճակի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ավարտից հետո:

«Իրավիճակը Լիբանանի և Իսրայելի միջև 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր անտանելի է և ներկայացնում է ավելի լայն տարածաշրջանային էսկալացիայի անընդունելի վտանգ: Սա ոչ մեկի շահերից չի բխում, ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Լիբանանի ժողովրդի շահերից: Ժամանակն է հասնել դիվանագիտական կարգավորման, որը թույլ կտա սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչներին ապահով վերադառնալ իրենց տները»,- ասվում է հայտարարության մեջ։

Դրա մեջ նաև նշվել է, որ դիվանագիտությունը «չի կարող հաջողության հասնել հակամարտության սրման պայմաններում»:

«Կոչ ենք անում անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Լիբանան-Իսրայել սահմանին, որպեսզի հնարավոր լինի դիվանագիտական կարգավորման հասնել: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, ներառյալ Իսրայելի և Լիբանանի կառավարություններին, անհապաղ հաստատել ժամանակավոր հրադադար և իրական հնարավորություն տալ դիվանագիտական կարգավորմանը: Մենք պատրաստ ենք լիովին աջակցել այս ժամանակահատվածում Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիր կնքելու բոլոր դիվանագիտական ջանքերին՝ հիմնվելով վերջին ամիսների ջանքերի վրա, որոնք վերջ կդնեն այս ճգնաժամին», — ասված է հայտարարությունում:

Հայտարարությունն արվել է Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Կանադայի, Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Միացյալ Թագավորության, Քաթարի կողմից:

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչը ողջունել է կոչը և ասել, որ Իսրայելը գերադասում է դիվանագիտական լուծումը: Այնուամենայնիվ, նա զգուշացրել է, որ Իսրայելը չի վարանի ուժ կիրառել, եթե գործարքը չհամապատասխանի այն պայմաններին, որոնք թույլ կտան իսրայելցիներին ապահով վերադառնալ իրենց տները:

Նշենք, որ Իսրայելի զանգվածային ավիահարվածների հետևանքով միայն այս շաբաթ Լիբանանում 600-ից ավելի մարդ է զոհվել: Իսրայելը պնդում է, որ թիրախավորում է միայն լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները, սակայն զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am