Լոգիստիկ խնդիրներց բողոքողների հետ պատրաստ ենք քննարկման նստել, իսկ նրանք, ովքեր ասում են սպանդանոցներ չպետք է լինեն՝ այդ մարդկանց հետ մենք խոսելիք չունենք․Գեորգի Ավետիսյան

Այսօր ՀՀ ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, բարձրացվելու են օրեր շարունակ մսավաճառների կողմից բողոքի ակցիաների հիմք հանդիսացած խնդիրները, որոնց շուրջ էլ WeeklyNews.am-ը զրուցել է ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ։
Ինչպես նշեց Գ․ Ավետիսյանը մսավաճառների դժգոհությունները հիմնականում արդարացված չեն, քանի որ․«Այն մտահոգվողները, ովքեր քիչ տոկոս են կազմում բողոքողների մեջ, նրանք պարզապես ապատեղեկացված են եւ իրավիճակը նրանց սխալ է ներկայացվել»,-ասաց Ավետիսյանը՝ մանրամասնելով․«Գյուղացիներն ունեն, այսպես ասած, ղասաբների համարներ, որոնց զանգում են եւ նրանք գալիս, տեղում մորթն անում ու միսը տանում են։ Վերջերս, երբ գյուղացիները, զանգել են նշված անձանց, ղասաբները իրենք բիզնեսը զարգացնելու համար ստել են՝ ասելով, որ սպանդանոցները մեծ գումարներ են պահանջում տեղափոխման համար, նաեւ սպանդանոցներում վատ սանիտարական պայմաններ են։ Հենց այս է խնդիրը, որ մարդիկ սկսել են դժգոհել։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր արդարացի բողոքում են լոգիստիկ խնդիրներից, սպանդանոցների հասանելիությունից եւ այլն։ Այդ անձանց հետ մենք պատրաստ ենք քննարկել խնդիրը, իսկ նրանք, ովքեր ասում են սպանդանոցներ չպետք է լինեն եւ վերջ՝ նրանց հետ մենք խոսելիք չունենք։ Ի հեճուկս այդ մարդկանց մենք էլ ասում ենք՝ սպանդանոցն այլընտրանք չունի։ Այլ հարց է, թե վերահսկողությունն ինչ խստությամբ պետք է իրականացնենք»։
Ըստ ՍԱՏՄ ղեկավարի սպանդանոցների մեծ մասը, որտեղ էլ պետք է իրականացվի կենդանու մորթը նոր կառուցված կամ նոր վերանորոգված են․
«Մեր տեսուչները գնացել են եւ տեղում ծանոթացել են թե՛ սանիտարահիգիենիկ պայմաններին, եւ թե՛ պայմանների համապատասխանությանը, դրանից հետո միայն մենք թույլատրել ենք նրանց աշխատել։ Այս դեպքում կարող եմ ասել, որ սպանդանոցների մեծ մասն ամբողջությամբ սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասխանում են»,- ասաց, Գ․ Ավետիսյանը՝ ընդգծելով․ «Մենք շարունակելու ենք մեր վերահսկողական ծառայությունները սպանդանոցներում, հասկանալու համար արդյոք կան սպանդանոցներ, որոնց սանիտարահիգիենիկ պայմանները բավարարում են պահանջներին, թե՝ ոչ, եւ այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել սպանդանոցների հետ իրականացվո՞ւմ են, թե ՝ ոչ»։
Ինչ վերաբերում է կատարվելիք փոփոխություններից հետո շուկայում մսի հնարավոր թանկացմանը, զրուցակիցն ասաց, որ գնաճ պետք է տեղի չունենա, իսկ եթե տեղի էլ ունենա, ապա դա կարող է լինել ամենաշատը հարյուր դրամի շրջանակներում։ «Կարծում եմ, անվտանգ սնունդը հարյուր դրամով փոխարինելը մեծ խնդիր չէ սպառողի համար»։